Մահվան գնացողները

2000 թվականին իտալական Ալասիո առողջարանում տեղի ունեցավ նորագույն պատմության առաջին գլադիատորական զինամրցումը: Պատմական հայրենիքում շատ արագ հանրաճանաչ դարձած շոուն սկսեց տարածվել աշխարհով մեկ։ Ընդ որում խստականոն անգլիացիներն այնքան տարվեցին դրանով, որ նույնիսկ ստեղծեցին ակտիվիստների հատուկ լիգա գլադիատորական մարտերը Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ մտցնելու համար: Եթե այդպիսի որոշումը մի օր ընդունեն, ժամանակակից գլադիատորների ազգանուները հայտնի կդառնան ամբողջ աշխարհին։ Առայժմ, ավաղ, մենք գիտենք միայն դպրոցում ուսումնասիրվող Սպարտակի անունը, որը մի ժամանակ անվախորեն ապստամբություն բարձացրեց հինհռոմեական ճնշողների դեմ։ Ընդհանրապես այն մասին, թե ինչպես էին խախտվում մրցարանի հերոսների իրավունքները, դասագրքերում գրված չէ: Այնինչ այդ կենցաղային մանրամասները շատ հետաքրքրական են։

Բամբասանքից մինչև փիլիսոփայություն

Այն մասին, թե ինչպես և ինչով էին ապրում հին հռոմեական գլադիատորները, կարող ենք դատել Պոմպեյի դպրոցի զորանոցի պատերի գրառումներից: Ամենաշատ գրառումներն անուններ էին հաղթանակների քանակի և սոցիալական դիրքի մասին համառոտ տեղեկությունների նշումով: Երբեմն մրցարանում կատարած հերոսություների թվարկումից բացի ավելացվում էին նաև կենցաղային հաջողությունները: Այսպես, օրինակ ոմն Կրեսկենտ, հին գրաֆիտիի տեղեկության համաձայն, հռչակված էր որպես <<Գիշերային գեղեցկուհիների իրական տեր>>, իսկ Կելադան` <<Աղջիկների սիրատոչորության առարկա>>:

Ընդհանրապես բամբասանքներ և ոչ այնքան պատշաճ կատակներ զորանոցի պատերին պահպանվել է մոտավորապես այնքան, ինչքան մեջբերումներ Հոմերոսից, Վերգիլիոսից և Հորացիոսից: Աստվածաշունչը հիշատակված է միայն երկու գրառումներում, իսկ Լոցիոս Անեոս Սենեկայի անունը, ով հրապարակավ հայտնում էր իր վրդովմունքը ամֆիթատրոնում հավաքված ամբոխի դաժանությունից, միայն մեկ անգամ: Թե ինչու մեծագույն փիլիսոփայի խոսքին ժամանակակիցներն այդքան քիչ էին ուշադրություն դարձնում, դժվար է ասել: Թեև հենց ինքն է ասել errare humanum est (մարդուն հատուկ է սխալվել):

Մարտեր և դրամարկղ

Հռոմում առաջին անգամ գլադիատորական խաղեր անցկացվել են մ.թ.ա. 264 թվականին և նրանք շատ համեստ էին: Պատվավոր քաղաքացի Բրուտոս Պերոսի որդիները ցանկանալով նշել այն օրը, երբ իրենց ծնողն անցավ հոգիների աշխարհ, որոշեցին անել դա էտրուսկյան սովորության համաձայն, և Կովերի շուկա դուրս բերեցին երեք զույգ վարձու մարտիկների: Հանդիսատեսի համար տեսարանը հրաշալի էր և իրադարձությունն անմիջապես գրանցեցին տարեգրքերում:

Մեր թվարկությունից մոտ 100 տարի առաջ պետության հայրերը գալով այն եզրակացության, որ հիշատակման ծեսից զվարճանքի վերածված շոուն դաստիարակչական բնույթէ կրում, թույլատրեցին բոլոր ցանկացողներին կառուցել հատուկ ամֆիթատրոններ գլադիատորական խաղերի համար: Գործարար քաղաքացիները ոգևորված արձագանքեցին:Սակայն նախագծերը ոչ միշտ էին հաջողված: Օրինակ, հայտնի է ողբերգական դեպքը Հռոմից ոչ հեռու գտնվող Ֆիդենում, որտեղ ոչ անյքան հարուստ, ազատություն ստացած ստրուկ Աթիլիոսը, կառուցեց փայտե ամֆիթատրոն << ձեռնարկելով այս գործը զազրելի հարստացման նպատակով>>: Նա չմտահոգվելով կառույցի ամրությամբ աչքաթող արեց, թե կառուցապատողներն ինչքան հուսալի են պատրաստել նստատեղերի շարքերը: Արդյունքում, երբ խաղերը դիտելու համար ամբոխ հավաքվեց, այն փլվեց:

Անհապաղ որոշում ընդունվեց 400000 արծաթե դրամ (հեծյալի ցենզ) չունեցողներին արգելել հանդիսախաղեր կազմակերպել: Բայց թե ինչպիսի խստությամբ էր պահպանվում այդ օրենքը, դեռ հարց է: Դատելով ամեն ինչից կառավարությունը չէր էլ սպասում, որ այդ օրենքը կկատարվի: Այդ օրենքն էլ առաջադրեցին նրանք, ում այսօր ընդունված է անվանել ժողովրդահաճոներ: Ինչպես պնդում են պատմաբանները, հրապարակային մարտերի ժողովրդականությունն այն ժամանակներում մերձիշխանական բախումների ուժեղագույն եղանակներից էր: Ի դեպ հնարավոր համարելով ապագա քաղաքական շահաբաժինները, սենատը նույնիսկ պարտադիր դպրոցական շարադրությունների ցուցակում հավելեց <<ԻՆչ կանեի ես, եթե ինձ հաջողվեր դառնալ գլադիատոր>> թեման:

Հին հերոսների դպրոցը

Լանիստան` գլադիատորական դպրոցի տերը, հեշտ չէր վաստակում իր հացը: Ուժեղ և մարտական տրամադրված երիտասարդ մարդկանց ամբոխին պետք էր պահել հնազանդության մեջ, կուշտ կերակրել ու սատարել նրանց լավ մարզավիճակի պահպանմանը, իսկ այն մասին, որ նրանք պահանջում էին տիրոջից ապահովել իրենց գոնե նվազագույն կենցաղային հաճույքները, ավելորդ է խոսել:

Մարտիկներին սպասարկում էին մարզիչներն ու զինագործները, խոհարարներն ու բժիշկները, ինչպես նաև ծեսեր կատարող սպասավորները: Զորանոցներում ապրում էին ոչ բոլորը: Ժամանակագրություններից հայտնի է, որ գլադիատորների մեծ մասը կազմում էին ամենևին էլ ոչ ստրուկները, հանցագործները կամ ռազմագերիները, այլ ազատ քաղաքացիները, որոնք ունեին սեփական տներ ու ընտանիքներ: Ինչո՞ւ էր նրանց պետք վտանգել սեփական կյանքը: Ամեն ինչ պարզ է`բարձրաշխարհիկ պատանիները ձգտում էին փառքի, իսկ աղքատներին գայթակղում էին ձրի տանիքով ու սննդով:

Ի դեպ ազատ քաղաքացիների հավաքագրումն ուղեկցվում էր մի շարք խոչնդոտներով: Օրենսդրությունը լանիստայի հետ պայմանագիր կնքել ցանկացող մարդուն պարտադրում էր ժողովրդական տրիբունին հայտնել իր անունը, տարիքը և պայմանագրով հասանելիք գումարը: Ընդ որում իշխանության ներկայացուցիչը իրավունք ուներ արգելել գործարքը, եթե նրան թվար, որ

նորակոչիկը պիտանի չէ նման ծառայության առողջական վիճակի կամ տարիքի պատճառով:

Նախքան փաստաթղթերի ստորագրումը մրցարանի ապագա հերոսը տեղեկացվում էր այն մասին, որ նա կորցնում է հեծյալ դառնալու, դատարանում որպես պաշտպան հանդես գալու և քրեական գործով ցուցմունքներ տալու իրավունքները, սահմանափակումներ, որոնք հին նռոմեակն չափանիշներով բավականին լուրջ էին: Բայց այդ բոլորը հավաքագրվող նորակոչիկների պատկերացումներում համահարթվում էր գալիք կյանքի առավելություններով`խիզախության համար կանոնավոր կերպով հարուստ ընծաներ ստանալու, իսկ ժամանակի ընթացքում նույնիսկ սեփական խճանկարային պատկերը տաճարի պատին տեսնելու հնարավորությամբ:

Եթե խոսենք հանցագործների մասին, ապա «Ուղարկել լանիստայի մոտ» դատավճիռը թվում էր նրանց ճակատագրի պարգև: Իսկ ընկնելով գլադիատորական դպրոց, «բախտավորներից» ցանկացածը (եթե, իհարկե, ողջ էր մնում) արդեն երեք տարի անց ներում էր ստանում:

Ինչ վերաբերվում էր անազատ մարդկանց, ապա, առաջինը`տերն իրավունք չուներ իր ստրուկին վաճառել դպրոցին առանց նրա համաձայնության, երկրորդ`ստանալով դրամական հատուցում ստրուկ գլադիատորը հնարավորություն ուներ գնել իր ազատությունը կամ ձեռք բերել այն հանդիսականների պահանջով:

Մի խոսքով լանիստայի մոտ ընկնելը հաջողություն էր համարվում գործնականում բոլոր նրանց համար, ովքեր անրջում էին լուսավոր ապագայի մասին: Գլադիատորները գիտեին, որ տերը, ով շահագրգռված չէր կորցնել իր «ոսկե ձվեր ածող հավիկներին», լավ հոգ կտանի իրենց մասին: Այդպես էլ կար: Բացի մնացյալից, յուրաքանչյուր դպրոց ընդունվող ապագա հերոս ստանում էր փայտյա սուր ուռենու չյուղերից վահան: Պարապմունքների ժամանակ չէր նախատեսվում զույգերի մենամարտ, որպես «հակառակորդ» օգտագործվում էր փայտյա սյունը: Բայց այդ հանգամանքը նորակոչիկներից ոչ մեկին չէր վրդովվեցնում կամ հուզում: Բոլորը գիտեին, որ նույնիսկ փորձառու գլադիատորները մարզվում են միայն փայտյա զենքերով: Իսկականը տրվում էր նրանց միայն մրցարան մտնելուց առաջ:

Փառքի մրցավայր

Ամենահին ամֆիթատրոններից մեկը համարվում էր Պոմպեյինը, որտեղ կարող էին տեղավորվել քսան հազար հանդիսական, հետևաբար համարվում էր միջին չափսի։ Դրսի կողմից նա թվում է գետնահար, որովհետև գտնվում է երկրի մակերևույթից ցածր։ Նա կառուցվել է այդպիսին բացառապես այն պատճառով, որ փոս փորել և նրա հատակին մրցավայր սարքելն ավելի էժան է, քան բարձր պատեր կառուցելը: Խնայում էին ամեն ինչում և այդ իսկ պատճառով ամֆիթատրոնը կառուցվեց առանց տանիքի, որին փոխարինում էր լաթե ծածկը: Ընդ որում այն էլ, որպեսզի ավելի երկար ծառայի, օգտագործում էին միայն ամենաանձրևոտ կամ անտանելի շոգ օրերին: Նրանք գումար չէին խնայել միայն անվտանգությունն ապահովելու համար. որպեսզի խուսափեն հրմշտոցից նախատեսվում էր վեց մուտք։

Խաղերը բացվում էին բոլոր մասնակիցների հանդիսավոր երթով։ Նրա ավարտին շեփորահարը ազդանշան էր տալիս, և սպասավորները ներս էին

բերում զենքերը։ Ի դեպ գլադիատորական մրցումներն ուղեկցվում էին երաժշտությամբ։

Մենամարտին հետևում էին երկու դատավորներ, որոնց խնդիր էր ապահովել մարտի կանոնների անշեղ կատարումը։ Ըստ էության, այդ կանոնների մասին ոչինչ կոնկրետ հայտնի չէ, բացառությամբ այն բանի, որ գլադիատորները մարտնչում էին լիակատար լռությամբ։ Սակայն, ինչպես նշված է համապատասխան աղբյուրներում, եթե մարտիկներն իրենց ճիշտ չէին պահում, դատավորները գործի էին դնում փայտերը, մտրակները և երկաթե ձողերը:

Մարտն համարվում էր ավարտված, եթե գլադիատորը ստանում էր մահացու հարված, կամ մարտիկներից մեկը գթություն աղերսելով բարձրացնում էր ձեռքը վեր պարզած ցուցամատով: Եթե հավասարաուժ հակառակորդները խիզախորեն մարտնչելով չէին կարողանում հաղթել, մարտը ավարտվում էր ոչ-ոքի:

Բայց, ինչպես վկայում են պահպանված ձեռագիր հաշվետվությունները, մենամարտերի մեծ մասն ավարտվում էր գթության աղերսով: Եվ, ի միջի ազդանշանները, որոնք հռոմեացիներն օգտագործում էին, որպեսզի որոշեն գլադիատորի բախտը, դեռ գիտնականների վեճի առարկա է։ Ոչ վաղ անցյալում համարվում էր, որ վեր բարձրացված բութ մատը նշանակում էր պարտվածի կյանքի խնայում, իսկ իջեցված մատը թելադրում էր հակառակ ելք: Սակայն պատմաբանների տրամադրության տակ չկա այդ տեսության ճշմարտացիության գոնե մի վկայություն։ Միաժամանակ բոլոր մասնագետները միակարծիք են, որ գթասրտության արտահայտությունը Հին Հռոմում ավելի հաճախ բացատրվում էր ֆինանսական հաշվարկներով: Խաղերի կազմակերպիչը`էդիտորը, պարտավոր էր լանիստային վճարել յուրաքանչյուր զոհված գլադիատորի համար։ Այդ իսկ պատճառով թեր և դեմ ձայների հաշվարկ կատարող ծառայողները, որպես կանոն, հոգ էին տանում այն մասին, որ տերը նյութական էական վնաս չունենար։

Հաղթողն էլ ստանալով մրցանակային դափնեպսակը մարտավայրում կատարում էր պատվո շրջան, հավաքելով վաստակած պարգևները։ Հայտնի է, օրինակ, որ կայսր Ներոնը ստրուկ գլադիատոր Սպիկուլային անձամբ շնորհեց ազատություն, տներ և հողակտորներ։ Եվ դրա հետ կապված առաջանում է բնական հարց`ի՞նչը դրդեց Սպարտակին խռովության վճիռ կայացնել։ Այդ ապստամբությանը նախորդող իրադարձությունների մասին պատմությունը, ավաղ, լռում է։

Тайны xx века, № 21, 2016, էջ 14-15

Leave a comment